Պատմություն
Հացիկ գյուղը մինչև 1890-ական թթ. վերջերը դպրոց չի ունեցել: 1890-1895թթ. կառուցված եկեղեցուն կից 20-րդ դարասկզբին գործել է ծխական դպրոց, որտեղ դասավանդել են ինքնուս գյուղացիներ: Նրանցից 2-3-ը եղել են եկեղեցու քահանաներ: Նրանցից բացի եղել են վարժապետներ (Հարությունյան Ավետիս, Մանուկյան Անդրե, Գասպարյան Աղասի, Կարապետյան Արսեն), որոնք դասավանդել են սեզոնային դպրոցում, որը գործել է աշնան վերջից մինչև գարնան սկիզբը:
Երբ հայկական դպրոցները ռուսական ցարի հրամանով փակվում են, գյուղի ռուսական տարրական դպրոցում դասավանդում է Խաչատուր վարժապետը (Աղուզումցյան Խաչատուր, Գետք (Դահառլի) գյուղից): Նրա սաների մի մասը 3-4 տարում տիրապետել են ռուսաց լեզվին և երկաթգծի վարչությունում աշխատել որպես հեռագրողներ, կայարանի հերթապահներ (Հարթենյան Ավետիք, Կարապետյան Մկրտիչ, Մկրտչյան Հարություն, Սողոմոնյան Միսաք, Դիլանյան Մինաս): Նրանցից Դիլանյան Մինասը հետագայում դարձել է անդրերկաթուղու հայկական բաժանմունքի պետ:
1927 թվականին հիմնադրվել է պետական միջոցներով աշխատող տարրական դպրոց: Նույն թվականին բնակիչների միջոցներով գյուղի հյուսիս-արևմտյան մասում կառուցվել է երկու դասասենյակով դպրոցական շենք: Դպրոցը տարրական է եղել մինչև 1936 թվականը: 1937 թվականին կառուցվել է ևս երկու դասասենյակ: Դպրոցական նախկին շենքին կից կառույցներ են ստեղծվել 1957 թվականին կոլտնտեսության միջոցներով, իսկ 1958 թվականին կառուցվել է ևս վեց դասասենյակ պետական միջոցների հաշվին: Մինչև 1959 թվականը դպրոցը եղել է յոթնամյա, մինչև 1974 թվականը՝ ութնամյա, դրանից հետո՝ միջնակարգ:
1988 թվականի երկրաշարժի ժամանակ փլվել է 1974 թվականին կառուցված դպրոցի երկհարկանի շենքը: 2008 թ. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի աջակցությամբ դպրոցում բացվել է համակարգչային դասարան:
Մինչև Հայրենական պատերազմի ավարտը դպրոցում հիմնականում աշխատել են միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներ: Ուսուցիչներից Արտավազդ Մկրտչյանը և Սողոմոն Անթոսյանը զոհվել են Հայրենական մեծ պատերազմում: Պատերազմի մասնակիցներ են եղել Քերոբ Նահապետյանը, Շատել Սահակյանը, Սարգիս Աղաջանյանը: Քերոբ Նահապետյանը արժանացել է վաստակավոր ուսուցչի կոչման, իսկ Լենա Միքայելյանը՝ Ժողովրդական գերազանցիկի:
Պատերազմից հետո ուսուցչական կազմը համալրվել է բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներով: Հացիկցիների՝ ուսման նկատմամբ եղած մեծ հարգանքն ու սերը նրանց մղել է ուսումը շարունակելու Գյումրիի, Մայիսյանի կամ Քեթիի միջնակարգ դպրոցներում: Գյուղում այժմ (2014 թ.) կան երկաթուղային, տրանսպորտ-արդյունաբերական ձեռնարկությունների ինժեներներ, գյուղատնտեսության բնագավառի մասնագետներ, իրավաբաններ, ճարտարապետներ, դեղագործներ և մանկավարժներ:
«Fam tu Fam» բարեգործական կազմակերպության միջոցներով 2018 թ. փետրվարի 1-ից մեկնարկել է դպրոցի երկու դասասենյակների վերանորոգման ու կահավորման աշխատանքները: